Մինչ Հայաստանը կառուցում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհը, Իրանի Իսլամական Հանրապետությունը եվրոպական երկրներ է դուրս գալիս առանց Հայաստանի։ Հայաստանը կրկին դուրս է մնում տարածաշրջանային խոշորագույն ծրագրից և կարող է զրկվել տարանցիկ ու շահութաբեր, կարելի է ասել, միակ բաց ճանապարհից։
Եվ մինչ Հայաստանը փորձում է աշխարհին ապացուցել, որ Իրանի հետ խոշոր ծրագրեր է իրականացնելու, քանի որ այս երկրի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների ժամանակ ապացուցել է իր գործընկերությունը, Ռուսաստանը, Վրաստանը և Ադրբեջանը գործնական քայլերի են անցել Իրանի հետ։ «Սկսված է Իրանի հարավային Բանդարաբաս նավահանգստից դեպի Եվրամիության երկրներ տարանցիկ երկաթուղու և ավտոճանապարհի կառուցման նախագծային աշխատանքը։ Ճանապարհը կանցնի Ադրբեջանով, Վրաստանով։ Նախագծին կմասնակցեն Ռուսաստանը և Ֆինլանդիան»,- Press tv-ի հետ զրույցում ասել է Իրանի երկաթգծի պաշտոնական ներկայացուցիչ Հասան Աշուին։ Իսկ ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի եվրոպական ինստիտուտի ներկայացուցիչ Ալեքսանդր Գուսևսկին «ՌուսԱրմինֆո»-ին ասել է. «Հայաստանը հերթական անգամ դուրս մնաց Հայաստանի իշխանությունների պասիվ և սպասողական քաղաքականության պատճառով»։
Չնայած այս իրողությանը, Գուսևսկին նաև նշել է, որ տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ Իրանի համար ավելի նախընտրելի է, քանի որ Ադրբեջանը սերտաճած է Թուրքիային։ Այլ կերպ ասած, ասվածը կարելի է ընդունել որպես քնից արթնանալու ակնարկ Հայաստանի իշխանություններին։ Այլ հարց է՝ կարթնանա՞ն։
Եվ այսպես, Իրան-Ադրբեջան-Վրաստան երկաթուղու և Եվրոպա տարանցիկ ավտոճանապարհի մեկնարկը տրված է։ Նկատենք, որ Բանդարաբաս նավահանգստով Հայաստան ներմուծվող բեռների ծավալը փոքր չէ, բացի այդ, սա այն սակավաթիվ ճանապարհներից մեկն է, որոնցով այս տարիների ընթացքում բեռները անխափան տեղափոխվել են Հայաստան։ Գործարարները միշտ էլ բարձրացրել են Իրան-Հայաստան ճանապարհի կառուցման հարցը։ Ճանապարհահատված, որի կառուցման տասը տարին շուտով կլրանա, բայց ավարտն այդպես էլ չի երևում։ Հարցին՝ ինչո՞ւ են դանդաղում աշխատանքները, պատասխանում են՝ մինչ օրս վերցրած վարկերը բավարար չեն եղել աշխատանքներն ավարտելու համար։ Իսկ գուցե հատկացված միջոցների զգալի մասը մի քանիսի գրպանո՞ւմ է բարեկեցության սեփական «ճանապարհը» կառուցում։ Ո՞վ գիտե։ Համենայն դեպս, չի բացառվում, որ Իրան-Ադրբեջան-Վրաստան երկաթուղու և ճանապարհի կառուցումից հետո, տնտեսական առումով, Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ծրագիրն անիմաստ կդառնա, իսկ այս պահին փաստը մեկն է՝ դեպի Եվրամիության երկրներ նոր տարանցիկ ճանապահը շրջանցելու է Հայաստանը։
Մեղադրել ծրագրում ընդգրկված երկրներին Հայաստանը ծրագրից դուրս թողնելու մեջ անհեռանկարային գործ է։ Յուրաքանչյուր պետություն գործում է իր շահերին համահունչ։ Գուցե ժամանակն է սթափվելո՞ւ։ Անկախությունից ի վեր Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային գրեթե բոլոր տնտեսական խոշոր ծրագրերից, որովհետև մեր իշխանությունները թույլ են տվել և թույլ են տալիս, որ իրենց շրջանցեն։ Ո՞Ւմ է պետք այն քաղաքականությունը, որը դրական արդյունք չի տալիս։ Ո՞Ւմ են պետք Իրանին ուղղված բարեկամական ռևերանսներն ու բիզնես ֆորումների կազմակերպումը, եթե արդյունքը տեղում դոփելն է։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ